Սեմինար՝ շենքերի էներգետիկ բնութագրերի սերտիֆիկատի ձևանմուշի մշակման թեմայով

9 դեկտեմբերի 2022

Ս․թ․ նոյեմբերի 25-ին «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի 1-ին բաղադրիչի շրջանակում տեղի է ունեցել «Չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրման (ՉՀՀ) համակարգի ստեղծում և Շենքերի էներգետիկ բնութագրերի (ՇԷԲ) սերտիֆիկատի ձևանմուշի մշակում» թեմայով սեմինար։

Սեմինարին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը, «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը, միջազգային փորձագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, էներգետիկ ոլորտով հետաքրքրված մասնագետներ։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գոյություն ունեցող և նոր կառուցվող շենքերի էներգետիկ սերտիֆիկացման հետ կապված հարցեր։ Միջազգային փորձագետները ներկայացրել են Բուլղարիայի օրինակը և կարևորել առաջիկա տարիների գործողություններն այս համատեքստում։

«Կարևոր է հասկանալ, որ մարմինն է պատասխանատվություն կրելու սերտիֆիկացման, մասնագետների վերապատրաստման, արդեն եղած սերտիֆիկատների համապատասխանեցման և այլ հարցերով։ Հանրությունը պետք է հասկանա հարցի հրատապությունը»,- նշել է «ԷնԷֆֆեկտ» կազմակերպության փորձագետ  Ստանիսլավ Անդրեևը։

Սեմինարի մասնակիցները փորձագետներից հետաքրքրվեցին, թե ինչպես հատկապես գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի բնակիչներին խրախուսել միանալ գործընթացին, մեկնարկի համար ինչ քայլեր անել և այլն։

Միջոցառման ժամանակ ներկայացվել է Հայաստանի համար մշակված շենքի էներգաարդյունավետության սերտիֆիկատի նոր ձևանմուշը։

Ծրագիրն իրականացվում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ- ԿԿՀ ծրագրի «Շենքերի ոլորտում ՉՀՀ (Չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրման) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի շրջանակներում։