ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մասնակցել են Դիլիջանի միջազգային դպրոցում կայացած Երիտասարդների տեղական համաժողովին

6 նոյեմբերի 2023

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը Դիլիջանի միջազգային դպրոցում կայացած «Կլիմայական ճգնաժամ. ինչպես կարող ենք նպաստել դրա հաղթահարմանը» թեմայով Երիտասարդների տեղական համաժողովի (LCOY) հրավիրյալ բանախոսներ էին:

Հոկտեմբերի 29-ին LCOY-ը Դիլիջանի միջազգային դպրոցի հարկի տակ էր համախմբել 80-ից ավելի պատանիների ու երիտասարդների, որոնցից 65-ը՝ ավագ դպրոցների աշակերտներ: «The Good Investors» մասնավոր դոնոր կազմակերպության աջակցությամբ կազմակերպված համաժողովը թիրախավորել էր Հայաստանում կլիմայի փոփոխության հիմնախնդիրները՝ երիտասարդներին բնապահպանական շարժման ակտիվ մասնակցության գիտելիքներ փոխանցելու նպատակով:

Դիանա Հարությունյանը խոսել է «Կլիմայի փոփոխության քաղաքականությունը Հայաստանում» թեմայով` ներկայացնելով կլիմայի փոփոխության պատճառները, գլոբալ և տեղական օրակարգերը, Փարիզի համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների մանրամասները, Հարմարվողականության ազգային ծրագիրը ինչպես նաև բնապահպանական և կայուն զարգացման այլ մարտահրավերները՝ ՄԱԶԾ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում:

«Երիտասարդների տեղական համաժողովը լավ հնարավորություն էր ներկայացնելու ՄԱԶԾ-ի փորձը՝ Հայաստանում կլիմայի փոփոխությանն առնչվող քաղաքականության և գործնական աշխատանքի վերաբերյալ»,- երիտասարդների հետ փոխգործակցությանն է անդրադարձել Հարությունյանը: «Ես նաև տեղեկացրել եմ համաժողովի մասնակիցներին Երևանում կառավարության գործընկերների հետ կազմակերպված ՄԱԿ-ի ԿՓՇԿ Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ կազմակերպված աշխատաժողովի մասին»:

Վահրամ Ջալալյանը էներգաարդյունավետության և էներգախնայողության կարևորության մասին տվյալներ է ներկայացրել էներգիա սպառող ամենախոշոր ոլորտներում՝ առանձնացնելով շենքերը։ Նա խոսել է Կլիմայի կանաչ հիմնադրամի՝ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման գործում դրա դերակատարման մասին՝ Հայաստանում հասարակական և բնակելի շենքերի ջերմաարդիականացման՝ Դիլիջան քաղաքի 11 բնակելի շենքերի օրինակով:

Օգտագործելով առիթը՝ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագիրը Դիլիջանի միջազգային դպրոցի գրադարանին է նվիրել Հայաստանի երկու ազգային զեկույցները:

Հայաստանի Երիտասարդների տեղական համաժողովի մասնակիցները հայտարարություն են պատրաստել և ուղարկել Կողմերի 28-րդ համաժողովի (COP28) պատասխանատուներին: